ՀՀ ԳԱԱ Փիլիսոփայության, սոցիոլոգիայի և իրավունքի ինստիտուտի տնօրեն, ի.գ.թ. Լիլիթ Ղազանչյանը 2020թ. սեպտեմբերի 18-ի գրությամբ նշել է. «ՀՀ ԳԱԱ Փիլիսոփայության, սոցիոլոգիայի և իրավունքի ինստիտուտի գիտաշխատողների կատարված ուսումնասիրությունները վկայում են այն մասին, որ «Ազգային արժեքների պաշտպանության» նախաձեռնության կողմից ներկայացված «Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու, հայոց լեզվի, մշակութային ժառանգության, ընտանիքի և մանկության պաշտպանության հիմունքների մասին» օրենքի նախագիծն արդիական է և համահունչ Հայաստանում առկա հիմնախնդիրներին: Ավելին, իրավական առումով, ներկայացված նախագիծը լրացնում է այն բոլոր բացերը, որոնք առկա են քննարկվող թեմայի շրջանակներում գործող օրենսդրությունում: Ողջունելի է նաև այն, որ օրենքի նախագծում սահմանվում է ՀՀ Կառավարության պարտականությունը նշված արժեքների պաշտպանության նպատակով հաստատել անհրաժեշտ հայեցակարգային ռազմավարություն և իրականացված յուրաքանչյուր քայլի վերաբերյալ զեկույցի տեսքով ներկայացնել հաշվետվություն ՀՀ Ազգային ժողով»:
ԿԻց ներկայացվել է նաև «Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու, հայոց լեզվի, մշակութային ժառանգության, ընտանիքի և մանկության պաշտպանության հիմունքների մասին» օրենքի նախագծի վերաբերյալ առաջարկություն, որը կքննարկվի նախաձեռնության համակարգող խմբի կողմից:


