ՀՀ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 20․08․2021 ԹՎԱԿԱՆԻ N 65-Ն ՀՐԱՄԱՆՆ ԱՆՎԱՎԵՐ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ ԴԻՄՈՒՄԸ ՆԵՐԿԱՅԱՑՎԵԼ Է ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ

Վարչական դատարան  ներկայացված դիմումով դիմողները հետևյալ հիմնական փաստարկներն են պնդել:

 

  1. Առողջապահության նախարարն իրավասու չէր ընդունելու մարդու հիմնական իրավունքները սահմանափակող նորմատիվ իրավական ակտ.

Վիճարկվող Առողջապահության նախարարի 20.08.2021թ. թիվ 65-Ն հրամանով փոփոխություններ և լրացումներ են կատարվել ՀՀ առողջապահության նախարարի՝ 2020 թվականի օգոստոսի 4-ի թիվ 17-Ն և 2020 թվականի սեպտեմբերի 18-ի ՀՀ առողջապահության նախարարի թիվ 24-Ն հրամաններում, որոնք ընդունվել են «Հայաստանի Հանրապետության բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին» (այսուհետ՝ Սանիտարական օրենք) 4-րդ հոդվածի համաձայն (Տես՝ այդ ակտերի նախաբանը):

Սանիտարահամաճարակային օրենքի 4-րդ հոդվածի առաջին մասի համաձայն՝ սանիտարական կանոնները և հիգիենիկ նորմատիվները (հետագայում` սանիտարական կանոններ) սահմանում են բնակչության համար շրջակա միջավայրի անվտանգության և ոչ վնասակարության չափանիշներն ու մարդու կենսագործունեության համար բարենպաստ պայմանների ապահովման պահանջները:

Նույն հոդվածի երրորդ մասի համաձայն՝ սանիտարական կանոնների մշակման, հաստատման, վերանայման և կիրարկման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

Մեր տեղեկություններով Վիճարկվող հրամանի ընդունման ժամանակ Հայաստանում չի գործել ՀՀ կառավարության կողմից սահմանված սանիտարական կանոնների մշակման, հաստատման, վերանայման և կիրարկման կարգ:

«Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 27-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ եթե նորմատիվ իրավական ակտի որևէ դրույթ կարող է կատարվել միայն այդ նորմատիվ իրավական ակտով նախատեսված այլ նորմատիվ իրավական ակտի ընդունմամբ, կամ դրա կատարումն ուղղակիորեն պայմանավորված է նորմատիվ իրավական այլ ակտի ընդունմամբ, ապա նորմատիվ իրավական ակտի այդ դրույթը գործում է համապատասխան նորմատիվ իրավական այլ ակտն ուժի մեջ մտնելու պահից:

Այս պայմաններում, Առողջապահության նախարարն իրավասու չէր մշակել, հաստատել և վերանայել սանիտարական կանոնները, քանի որ Հայաստանում չի գործում Կառավարության կողմից սահմանման ենթակա սանիտարական կանոնների մշակման, հաստատման, վերանայման և կիրարկման կարգը: Ստացվում է, որ Սանիտարահամաճարակային օրենքի՝ սանիտարական կանոններ սահմանելու լիազորող նորմերը չեն կարող գործել առանց Կառավարության որոշման առկայության:

 

  1. Առողջապահության նախարարը պարտավոր էր հանրային քննարկում կազմակերպել.

Սանիտարահամաճարակային օրենքի 10-րդ հոդվածի առաջին մասի 3-րդ կետի համաձայն՝ քաղաքացիներն ունեն պետական մարմինների` բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովմանը վերաբերող որոշումների և ծրագրերի մշակմանը, քննարկմանն ու ընդունմանը, սահմանված կարգով, մասնակցելու և դրանց իրականացումը վերահսկելու իրավունք:

Այս նորմից հետևում է, որ առողջապահության նախարարը պետք է առնվազն հանրային քննարկման ներկայացներ Վիճարկվող հրամանը:

Նորմատիվ իրավական ակտի նախագծի հանրային քննարկման հետ կապված հարաբերությունները կարգավորվում են «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 3-րդ և 4-րդ հոդվածներով, ինչպես նաև ՀՀ կառավարության 2018 թվականի հոկտեմբերի 10-ի N 1146-Ն որոշմամբ հաստատված «Հանրային քննարկումների կազմակերպման և անցկացման կարգ»-ով:

Ըստ այդմ առողջապահության նախարարը, հանրային քննարկման չներկայացնելով Վիճարկվող հրամանը, խախտել է դիմողների՝ վերոհիշյալ նորմով երաշխավորված իրավունքը:

 

  1. Առողջապահության նախարարը խախտել է կամայականության արգելքի և համաչափության սկզբունքները.

 

«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի (այսուհետ՝ Վարչական օրենք) I գլխի 7-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ վարչական մարմիններին արգելվում է անհավասար մոտեցում ցուցաբերել միատեսակ փաստական հանգամանքների նկատմամբ, եթե առկա չէ դրանց տարբերակման որևէ հիմք:

Նույն օրենքի 8-րդ հոդվածի համաձայն՝ վարչարարությունը պետք է ուղղված լինի Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ և օրենքներով հետապնդվող նպատակին, և դրան հասնելու միջոցները պետք է լինեն պիտանի, անհրաժեշտ և չափավոր:

Համաձայն Վարչական օրենքի 1-ին հոդվածի 1-ին մասի և 3-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի կարգավորումների՝ կամայականության արգելքի և համաչափության սկզբունքները  տարածվում են նաև Առողջապահության նախարարի՝ նորմատիվ ակտ ընդունելուն ուղղված վարչարարության նկատմամբ:

Վիճարկվող հրամանով Առողջապահության նախարարը տարբերակված մոտեցում է ցուցաբերել՝

  • պատվաստվածների և չպատվաստվածների նկատմամբ.
  • չպատվաստվածների խմբում՝ չպատվաստվածների և չպատվաստված, սակայն պատվաստվման հակացուցումներ ունեցող անձանց նկատմամբ:

Առողջապահության նախարարն ընդունել է, որ պատվաստվածները նույնպես վարակվում են կորոնավիրուսային հիվանդությամբ և կարող են վարակը փոխանցել այլ անձանց:

Այս պայմաններում, ստացվում է, որ պատվաստվածներին ՊՇՌ հետազոտության ենթարկվելու պարտականությունից ազատելով, առողջապահության նախարարը չի լուծում հիվանդությունից կանխարգելման խնդիրը, այն պարզ պատճառով, որ պատվաստված քաղաքացին կարող է վարակվել կորոնավիրուսային հիվանդությամբ և այցելելով աշխատանքի վարակել ինչպես ՊՇՌ սերտիֆիկատ ունեցող չպատվաստված քաղաքացիներին, այնպես էլ պատվաստված քաղաքացիներին:

Նույն տրամաբանությունն է գործում պատվաստման հակացուցում ունեցող քաղաքացիների մասով: Հակացուցում ունենալը չի նշանակում, որ քաղաքացին ապահովագրված է վարակից:

Պետական մարմիններն իրական կանխարգելում չեն իրականացնում, մասնավորապես՝ թույլատրելով հանրային մարդաշատ միջոցառումներ, տրանսպորտային միջոցներում մարդկանց մեծ հոսք (Տես  լուսանկարները տեքստի վերջում՝ 21.09.2021թ.  և 29.09.2021թ. երթուղային տրանսպորտային միջոցների լուսանկարները):

Սա նշանակում է, որ Առողջապահության նախարարի իրական նպատակն է մարդկանց պատվաստելը, իսկ ՊՇՌ սերտիֆիկատ պահանջելը քաղաքացիների հաշվին, ըստ էության դառնում է պատժի միջոց:

Այս պայմաններում, Վիճարկվող հրամանն ընդունելով Առողջապահության նախարարը չի լուծել խնդիրը, քանի որ կանխարգելման նպատակին հասնելու այս միջոցները պիտանի չեն, բավարար չափով անհրաժեշտ չեն:

Սահմանադրական դատարանն իր 18 հունիսի 2020 թվականի ՍԴՈ-1546 որոշմամբ բացահայտել է Համաչափության սկզբունքի տարրերը, որոնք նույնկերպ կիրառելի են Վարչական օրենքի 8-րդ հոդվածի համատեքստում:

 

  1. Առողջապահության նախարարը սահմանափակել է քաղաքացիների բժշկական միջամտությունից հրաժարվելու իրավունքը.

 

«Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին օրենքի» 25-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ յուրաքանչյուր ոք կամ նրա օրինական ներկայացուցիչը կամ կոնտակտային անձն իրավունք ունի գրավոր հրաժարվելու բժշկական միջամտությունից կամ պահանջելու ընդհատել այն, բացառությամբ սույն օրենքի 24-րդ հոդվածով նախատեսված դեպքերի:

Բացառություն սահմանող 24-րդ հոդվածի համաձայն՝ առանց մարդու կամ նրա օրինական ներկայացուցչի համաձայնության բժշկական օգնություն և սպասարկում իրականացվում են՝

1) մարդու կյանքին սպառնացող վտանգի դեպքում՝ Կառավարության սահմանած կարգով

2) շրջապատի համար վտանգ ներկայացնող հիվանդությունների դեպքում՝ օրենքով սահմանված կարգով:

Այս բացառությունները չեն վերաբերում առողջ մարդուն, հետևաբար առողջ քաղաքացին կարող է պատվաստվելու կամ ՊՇՌ հետազոտություն անցնելու բժշկական միջամտությունից հրաժարվել:

Ստեղծված իրավիճակում, Առողջապահության նախարարը քաղաքացիների համար սահմանել է երկու տարբերակ՝

  • առաջին՝ բժշկական միջամտություն- պատվաստվելու միջոցով.
  • երկրորդ՝ բժշկական միջամտություն- ՊՇՌ հետազոտություն անցնելու միջոցով:

Եթե աշխատող քաղաքացին չի ընտրում բժշկական միջամտություններից որևէ մեկը, բախվում է իր աշխատանքային իրավունքների սահմանափակման խնդրի հետ:

Ստացվում է, որ առողջապահության նախարարն իր հրամանով սահմանափակել է օրենքով քաղաքացուն շնորհված իրավունքը:

Բեռնել վարչական դատարանի դիմումի տեքստը.

«ԱԶԱՏ ԿԱՄՔ» ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆ

 

Լուսանկարները՝

 

 

 

0

Հարակից նյութեր

ՈՒՂԵՑՈՒՅՑ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐՈՒՄ ՔԱՂԱՔԱՑՈՒ…

ՈՒՂԵՑՈՒՅՑ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐՈՒՄ ՔԱՂԱՔԱՑՈՒ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Կարդալ ավելին

Ն.ՓԱՇԻՆՅԱՆԻ ՀՐԱԺԱՐԱԿԱՆԻ ՍՏՈՐԱԳՐԱՀԱՎԱՔ

«Ազատագրական շարժում» նախաձեռնությունը կազմակերպում է ստորագրահավաք՝ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով: Եթե ցանկանում եք միանալ ստորագրահավաքին, ապա կարող եք՝ 1  Այս հղումով էլեկտրոնային եղանակով ստորագրել՝ ՍԵՂՄԵԼ ԱՅՍՏԵՂ Ստորագրությունը կարող եք տեղադրել…
Կարդալ ավելին