iravunk.com-ը գրում է.
ԿԳՄՍ նախարարության սահմանած կանխարգելիչ միջոցառումների, առկա սահմանափակումների, կրթական խնդիրների եւ այլ ուշագրավ հարցերի շուրջ «Իրավունք TV»-ի եթերում զրուցել ենք հոգեբան ԿԱՐԻՆԵ ՆԱԼՉԱՋՅԱՆԻ հետ:
Դիմակը չի կարող չազդել երեխայի աշխարհընկալման վրա
– Տիկին Նալչաջյան, արդյո՞ք լրացուցիչ հոգեբանական խնդիրներ չեն առաջացնի հատկապես տարրական դասարանների աշակերտների համար առկա սահմանափակումները:
– Դիմակի առկայությունն արդեն իսկ շատ բան է փոխում մարդկային ընկալումներում: Մի բան է, երբ դու դիմակով ես, մեկ այլ բան է, երբ դու առանց դիմակի ես: Մեր զգայական ամբողջ ոլորտը մի տեսակ բլոկադայի մեջ է: Եվ սա չի կարող չազդել երեխայի աշխարհընկալման պրոցեսի վրա: Տեսեք, երեխան գնացել է դպրոց, կարոտել է իր ընկեներին, ուսուցիչներին, բայց բոլորը իր աչքի առաջ լիարժեք չեն, փակ են մի տեսակ: Սոցիալական ընկալումների շատ հետաքրքիր օրինաչափություններ կան. դիմացի մարդուն ընկալում ենք նաեւ նրա դիմախաղի միջոցով: Այդ կերպ կարողանում ենք հասկանալ, թե ինչ տրամադրություն ունի, ինչպես է արձագանքում մեր ասածին: Այսինքն` դիմախաղի միջոցով ենթագիտակցական մակարդակով որսում ենք դիմացինի հուզական վիճակները: Իսկ դիմացինի կերպարը, հուզական վիճակները ընկալելու համար շատ կարեւոր են աչքերը եւ բերանը: Իսկ այսօր, փաստացի, բերանը փակ է: Այսինքն` դիմացինից ինֆորմացիա ստանալու ճանապարհները շատ սահմանափակ են: Օրինակ` ուսուցիչը կարող է թեթեւակի նկատողություն անել երեխային, ինչը երեխան կարող է ընկալել որպես ծանր նկատողություն: Առաջին հայացքից մտածում ենք` դե, երեխա են, բայց չէ, սրանք երկրորդական բաներ չեն: Իրար ընկալելու համար դիմակը շատ բան է փոխում, էլ չեմ խոսում առողջական խնդիրների մասին:
Ամբողջությամբ կիսում եմ ծնողների վախերն ու տագնապները
– Երեխաները տեւական ժամանակ հեռավար ուսուցման էին անցել, իսկ հիմա` բնականոն ընթացքին պետք է կրկին անցնեն: Ինչպե՞ս ադապտացվել:
– Շատ ճիշտ եք: Մի ճգնաժամային հոգեվիճակ էր նորմալ պայմաններից հեռավարին անցնելը: Հիմա պետք է կրկին ադապտացվեն դասապրոցեսին, բայց արդեն նոր տարբերակով: Ինչը, այո, հեշտ չէ: Իհարկե, աշակերտներից նորից հոգեկան ուժեր են պահանջվելու` հարմարվելու այս վիճակին: Աշակերտներն այսօր մի մեծ փորձաշրջանի մեջ են: Հիմա տեսնենք, թե այս էքսպերմենտի տակից դուրս գալո՞ւ են. սահմանափակումներն էլ պետք է խելամիտ լինեն: Պետք է ասեմ, որ հեռավար կրթությունը, թեեւ յուրահատուկ էլեմենտներ է իր մեջ պարունակում է, բայց այն շատ հեռու է լիարժեք կրթություն լինելուց: Ճիշտն ասած, առանձնապես լավատես չեմ, հաշվի առնելով, որ, հնարավոր է, կրկին վերադառնանք հեռավարին՝ իր բոլոր թերություններով հանդերձ:
– Ի՞նչ խորհուրդ կտաք մեր ծնողներին:
– Ես ամբողջությամբ կիսում եմ ծնողների վախերն ու տագնպները. դրանք լիովին հիմնավորված են: Այնպիսի տպավորություն է, որ այս շրջանում երեխաների կրթությունը ավելի շատ կախված է ծնողներից, հետո` նոր դպրոցից: Միշտ ինչպե՞ս էր. մենք ավելի շատ վստահել ենք մեր երեխաներին եւ չենք սխալվել: Հիմա դպրոցը կաշկանդված է, իր գործիքները շատ քիչ են, եւ դա է պատճառը, որ բուն ուսումնական պրոցեսին ծնողները առավել քան երբեւէ պետք է գործուն մասնակցություն ունենան:
– Ձեր խորհուրդը մեր ուսուցիչներին:
– Այո, ուսուցիչների գործը շատ բարդ է դառնում, նրանք անընդհատ պետք է, բառի բուն իմաստով, ստեղծագործեն տվյալ ոչ սովորական վիճակում` ինչ ոչ սովորական մոտեցում ցուցաբերեն:


